ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի Մարզը ձևավորվել է 1996թ.՝ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն: Ընդգրկում է Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի և Դիլիջանի տարածաշրջանները, ընդհանուր առմամբ 63 բնակավայր, որից 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում և 58 գյուղեր։ Մարզկենտրոնը Իջևան քաղաքն է: Մարզկենտրոնը գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։
Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 350 կմ հատված, որից 300-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է (2993 մ)։
Մարզը զբաղեցնում է Հայաստանի տարածքի 9.1 %-ը՝ 270399 հա: Բնակչության զգալի մասը բնիկ տավուշցիներ են. կան նաև Արցախից տեղափոխվածների սերունդներ։ Օրինակ, 17-19-րդ դարերում հայության զգալի քանակի ներհոսք է եղել Արցախից դեպի Տավուշ։ Տեղափոխվածները կամ հիմնում էին նոր գյուղեր կամ էլ վերականգնում նախկինում լքված կամ ավերված հայկական բնակավայրերը։
Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2 %-ը՝ 132000 մարդ։ Բնակչության 62.3 %-ը ապրում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։
Բնական լիճը՝ Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980թթ. կառուցվել են Ջողազի (45 մլն. խ.մ.), Հախումի (12 մլն. խ.մ.), Տավուշի (5 մլն. խ.մ.), Այգեձորի (4 մլն. խ.մ.), Խնձորուտի և Իջևանի Սպիտակ ջուր ջրամբարները։
Մարզի տարածքի ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին՝ (դենդրոպարկը)։
Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։
Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ։ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։ Հայտնի են նաև Ջուխտակ վանքերը, Մաթոսավանքը, Առաքելոց եկեղեցին, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սրանոց կամուրջը, Մորո Ձորո վանքը, Լաստիվերի անապատը, Գոշի լիճը և այլն։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Պաշտպանության նախարարության, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության շուրջ 6 տարիների համատեղ աշխատանքի արդյունքում 2015թ-ից գործում է «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը, որի արդյունքում Տավուշի մարզի 23 բնակավայրեր (համաձայն ՀՀ Կառավարության 21.02.2002թ-ի թիվ 163 որոշմամբ սահմանված ցանկի) ազատված են բիզնես հարկերից:
Արդյունքում ցակացած ներդրող ունի հնարավորություն առանց հարկեր մուծելու արտադրություն կազմակերպել Տավուշի մարզի 23 բնակավայրերում և արտադրանը առանց մաքսազերծման արտահանել Եվրասիական միության շուկա (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն), ինչպես նաև GSP+ ծրագրի շրջանակներում 6400 անուն ապրանք առանց մաքսազերծման արտահանել Եվրոպական միության շուկա:
Վերոնշյալից բացի Տավուշի մարզը ունի նաև հետևյալ կոմունկիացիոն հնարավորությունները
1. Սահմանակից է Վրաստանին,
2. Ռուսաստանի տարածքին ամենամոտ մարզն է,
3. Մարզով ձգվում է 152.6 կմ միջպետական նշանակության ճանապարհ,
4. Մարզում է գտնվում Երևան-Թբիլիսի երկաթուղու վերջին՝ Այրում կայարանը,
5. Գործում է երկու մաքսային կետ (Բագրատաշեն և Այրում),
6. Մարզի կենտրոնով անցնում է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գազատարը:
Տավուշի մարզում գործում է.
Տեքստիլի մեկ խոշոր ընկերություն և մի քանի փոքր ընկերություններ,
Ջրի շշալցման երկու խոշորագույն գործարաններ և մի քանի փոքր արտադրամասեր,
Գարեջրի մեկ գործարան և երկու փոքր արտադրամասեր,
Բնական քարերի վերամշակման մեկ խոշոր գործարան և մի քանի փոքր արտադրամասեր,
Փայտի վերամշակման արտադրամասեր,
Տասնյակ հյուրատներ և ռեստորաններ,
Այլ արտադրամասերում արտադրվում են պահածո, մսամթերք, գինի, կոնյակ, բենտոփոշի, գաջ և այլն:
Առկա ռեսուրսներն են.
Հանքային ջրերի ակունքներ
Տավուշի մարզում առկա է թվով 3 հանքային ջրերի հաստատված պաշարներով ակունքներ, որոնք Դիլիջանի, Աչաջուր գյուղի և Վազաշեն գյուղի ակունքներն են: Դիլիջանի ակունքը շահագործվում է, իսկ Աչաջուր և Վազաշեն գյուղերի ակունքները չեն շահագործվում, առկա են կազմված բիզնես ծրագրեր և սպասում են ներդրողների:
Բնական աղբյուրի խմելու ջրերի ակունքներ
Տավուշի մարզում առկա է շշալցման համար նպաստավոր բազմաթիվ բնական աղբյուրի խմելու ջրերի ակունքներ, որոնք չունեն հաստատված պաշարներ: Ներդրումներ լինելու դեպքում Տավուշի մարզի գործատուների տարածքային միության աջակցությամբ պաշարները կհաստատվեն, կիրականացվի փաստաթղթավորում և այլ անհրաժեշտ գործընթացներ:
Բուժիչ ջրեր
Տավուշի մարզը հարուստ է նաև բուժիչ ջրերով, որի մասին ամբողջական տեղեկատվությունը գտնվում է Կուրորտաբանության և Ֆիզիկական Բժշկության Գիտահետազոտական Ինստիտուտում:
Արոտավայրեր
Տավուշի մարզը ունի շուրջ 70 000 հա հեռագնա արոտավայրեր, որը Խորհրդային միության փլուզումից հետո գրեթէ չի օգտագործվում: Անասնապահություն իրականացնելու համար Տավուշի մարզի գործատուների տարածքային միությունը մշակել է գործարար ծրագրեր և անհրաժեշտ է կատարել ներդրումներ:
Հիդրոէլեկտրակայաններ
Տավուշի մարզում գործում է տասնյակ ՀԷԿ-էր, և առկա է տասնյակ ՀԷԿ-էր կառուցելու նպաստավոր վայրեր և նախագծեր:
Հանքավայրեր
Տավուշի մարզը հարուստ է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերով: Մետաղական որևէ հանքավայր չի շահագործվում: Հիմնականում պղնձի, ոսկու, արծաթի, կապարի, ցինկի, երկաթի, մանգանի, տիտանի և մոլիբդենի հաքավայրեր են: Ոչ մետաղական հանքավայրերից են ֆելզիտային տուֆերի, բազալտի, կրաքարի, գրանիտի, կավի, ավազի, ագաթի, պրոֆիրիտի, կոնգլոմերատի, ցեոլիտի և այլ հանքավայրեր, որոնցից մի մասը շահագործվում է:
Հանգստյան գոտիներ
Տավուշի մարզը ունի հանգստյան գոտիներ կառուցեելու համար տասնյակ նպաստավոր վայրեր: Տեղանքը և բնությունը այնպիսին են, որ հյուրանոց և ռեստորոն կառուցելը բիզնես եկամտաբերության տեսանկյունից երաշխավորված է:
Բնության բարիքներ
Տավուշի մարզը հարուստ է բնական ռեսուրսներով, հնարավոր է մթերել հազարավոր տոննաներով վայրի մրգեր, հատապտուղներ, սնկի տեսակներ, խոտաբույսեր և այլ բարիքներ: