Տավուշի մարզի գործատուների տարածքային միության անդամ կարող են դառնալ Տավուշի մարզում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունները ու անհատ ձեռնարկատերերը, նպատակ ունենալով համատեղ ուժերով լուծել ծառացած խնդիրները, ինչպես նաև օգտագործել բոլոր հնարավորությունները` Տավուշի մարզ ներդրումների ներգրավման համար:
Տավուշի մարզի գործատուների տարածքային միության անդամները Միության կողմից կստանան հետևյալ ծառայությունները.
Կունենան հնարավորություն մասնակցելու.
1. Յուրաքանչյուր տարի կազմակերպվող «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՐԱՐ» մրցանակի մրցույթին:
2. Երևանում և արտասահմանյան երկրներում կարզմակերպվող երկկողմ բիզնես ֆորումներին, որտեղ մի կողմը ներկայացնում է Հայաստանը: Երկկողմ բիզնես Ֆորումները կընձեռնի հնարավորություն գործարար կապեր հաստատելու աշխարհի տարբեր երկրների գործարարների հետ:
3. Երևանում և արտասահմանյան երկրներում կարզմակերպվող ցուցահանդեսներին:
4. Գործարարների մասնակցությամբ Տավուշի մարզում կազմակերպվող տարբեր միջոցառումների (ժողովներ, ղեկավարների հետ հանդիպումներ, այլ միջոցառումներ):
Աշխարհի տարբեր երկրների մարզային գործարարների կամ գործատուների միությունների միջոցով գործարար կապեր հաստատել տվյալ մարզի գործարարների հետ, մասնակցել բիզնես ֆորումների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների:
ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Միության անդամ կարող են դառնալ Տավուշի մարզի գործատու կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը (քաղաքացիները), ովքեր ընդունում են սույն կանոնադրությունը, Միության նպատակները, սկզբունքներն ու խնդիրները, աջակցում են Տավուշի մարզի տնտեսության զարգացմանը, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ու չափով մուծում են մուտքի վճար և անդամավճար:
2. Միության անդամ դառնալ ցանկացող կազմակերպությունը պետք է գրավոր դիմում ներկայացնի Միության խորհրդին: Դիմումը պետք է բովանդակի հայտարարություն, որտեղ թեկնածուն պարտավորվում է կատարել Միության կանոնադրության պահանջները և ղեկավար մարմինների որոշումները, բարձր պահել Միության հեղինակությունը:
3. Անդամությունը Միության շարքում դադարեցվում է, եթե անդամը կամավոր գրավոր դիմում է ներկայացնում Միության խորհրդին իր ցանկության մասին:
4. Միության այն անդամը, որը սույն կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները պարբերաբար չի կատարում, իր գործողություններով խոչընդոտում է Միության աշխատանքներին կամ նյութական վնաս է պատճառել, խորհրդի ձայների մեծամասնության որոշմամբ կարող է նրա անդամությունը կասեցվել մինչև Միության հերթական կամ արտահերթ համագումարի անցկացումը, իսկ համագումարի ժամանակ քննարկել Միությունից նրա հեռացման հարցը:
ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Միության անդամն (անդամ կազմակերպության ներկայացուցիչը) իրավունք ունի՝
1.1. կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ղեկավար մարմինների կազմավորմանը, ընտրել և ընտրվել Միության ղեկավար ու վերահսկող մարմիններում,
1.2. Միության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, գանգատներ և առաջարկություններ, մասնակցելու դրանց քննարկմանը, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված կարգով որոշումների ընդունմանը,
1.3. սպառիչ տեղեկատվություն ստանալ Միության գործունեության մասին, նրա կնքած պայմանագրերի և դրանց բովանդակության մասին,
1.4. Միությունից ստանալ իրավական և տնտեսագիտական օգնություն, իր օրինական շահերի պաշտպանության համար օժանդակություն, մասնավորապես աշխատանքային օրենսդրության և դրա հետ կապված այլ հարաբերությունների կարգավորման հարցերում, աշխատանքային հարաբերություններ պարունակող ներքին նորմատիվ ակտերի մշակման գործում, կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերի կնքման և ծագած կոլեկտիվ ու անհատական աշխատանքային վեճերի կարգավորման հարցերում,
1.5. մասնակցել Միության կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին, մասնավորապես մշակվող աշխատանքային և դրա հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունների վերաբերյալ պայմանագրերի մշակմանը և կազմմանը,
1.6. ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ Միությունից: Այդ դեպքում, նրա դուրս գալու օրվանից, մեկ տարվա ընթացքում, իր ներդրմանը համամասնորեն սուբսիդիար պատասխանատվություն է կրում Միության պարտավորությունների համար,
1.7. կարող է ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
2. Միության անդամը պարտավոր է՝
2.1. հոգ տանել Միության հեղինակության բարձրացման համար, թույլ չտալ որևէ գործողություն, որը կարող է վնաս հասցնել Միությանը և նրա անդամներին,
2.2. կատարել Միության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,
2.3. պահպանել Միության կնքած համաձայնագրերի և կոլեկտիվ պայմանագրերի պայմանները և կատարել դրանցից բխող պարտավորությունները,
2.4. աջակցել Միության անդամության համալրմանը,
2.5. մուծել մուտքի վճար`միանվագ 5 հազար դրամի չափով և տարեկան անդամավճար, ոչ ուշ, քան յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հունվար ամսվա վերջին օրը` 30 հազար դրամի չափով, ընդ որում միության հիմնադիրները մուտքի վճարը վճարում են մինչև միության պետական գրանցումը:
Միության նորընտիր անդամները տվյալ տարվա անդամավճարը և մուտքի վճարը վճարում են Միության անդամ դառնալու մասին որոշումն ընդունվելուց հետո, 10 օրվա ընթացքում:
Միության խորհրդի որոշմամբ կարող է թույլատրվել առանձին անդամների կամ բոլոր անդամներին անդամավճարը վճարել արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով կամ այլ իրավունքներով, որոնք ունեն դրամական գնահատական:
Միության անդամների կողմից ոչ դրամական վճարների դրամական գնահատականը սահմանվում է խորհրդի որոշմամբ:
Միության անդամը սույն կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները չկատարելու կամ անբավարար կատարելու դեպքում պարտավոր է փոխհատուցել դրա հետևանքով միությանը պատճառված վնասները:
Փոխհատուցման ենթակա չեն անուղղակի վնասներն ու բաց թողնված օգուտները:
ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Միության անդամի կողմից Միության կնքած պայմանագրերով նախատեսված պարտավորությունների չկատարումը առաջացնում է դրանցում նշված կարգով պատասխանատվություն:
2. Գործատուի կողմից Միությանն իր անդամության դադարեցումը նրան չի ազատում համապատասխան պայմանագրերով նախատեսված պատաuխանատվությունից, որը նա կրում է Միության անդամ եղած ժամանակահատվածում` Միության կնքած կոլեկտիվ պայմանագրերը չկատարելու կամ խախտելու համար: